Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ Ու ես անտեր մնամ, Ամեն, ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ Ու քեզ ընկեր մնամ։ Դու իմ արևն առար Եվ ուզեցիր, որ ես քեզ շնորհակալ լինեմ Ես անարև մնամ, Բայց քո բախտի համար արևագալ լինեմ։ Դու ուզեցիր, որ ես քեզ թողնեմ ու գնամ, Բայց և քոնը լինեմ։ Արցունքի մեջ մնամ և սգի մեջ մնամ, Բայց քո տոնը լինեմ։ Դու ուզեցիր, որ ես փոխվեմ հազար անգամ, Բայց և հինը լինեմ։ Քեզ ուրիշին տվիր Եվ չուզեցիր անգամ, որ ես իմը լինեմ։ Դու ուզեցիր, որ ինձ քո մեղքերով չափեմ Ու մեղքի տակ մնամ։ Քո մեղքերի վրա Իմ աչքերը փակեմ Եվ անգիտակ մնամ։ Գուշակեցե՛ք խնդրեմ, մարգարենե՛ր հիմա, Ես ձեր ճորտը լինեմ, Թե մինչև ե՞րբ պիտի Ես իմ տան մեջ միակ Ավելորդը լինեմ։