Վէրքիս դեղ ու սպեղանին, Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը, Քաղցր ես, քան նռան գինին, Ախ, իմ հայրենիքիս ջուրը։ Խմողը շատ ուշ կմեռնի, Քիչը՝ հարիւր տարի կ'ապրի, Ամէն երկիր չի գտնուի, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը։ Բիւրակնեան սարից կը տեղայ, Կոհակներու մէջ հոգի կայ, Դրախտի միջից դուրս կու գայ, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը։ Անմահական աղբրից է, Եդեմի սուրբ երկրից է, Ադամայ խմած ջրից է, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը։ Հայկ պապս նրանից խմեց, Զօրեղացաւ, Բելին յաղթեց, Սրբում տանում է ցաւ ու ցեց, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը։ Վարդան, Վահաններ է տուել, Դշխոյ Շուշանիկ է ծնել, Սանդուխտ կոյս է առաջ բերել, Ախ, իմ հայրենիքիս ջուրը։ Յիշէ, պանդուխտ Հայկազունի, Միտ բեր օջախդ հայրենի, Կաթի ու մեղրի համ ունի, Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը։ Դառն են ջրեր օտար երկրին, Աղի լեղի են, համ չունին, Արդեօք պիտի խմե՞մ կրկին, Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը։ Մեր երկիրը մթնել է, Կարծես մեր աստղը ընկել է, Ալ արիւնով ներկուել է, Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը: Ջիվան, հրէշներ են եկել, Բնիկներին դուրս են վանել, Օձերն ու գորտերն են խմել Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը: