ԱՇՈՒՂ ԵՄ Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ, Էդ անուշ լեզվիդ, կեռ-կեռ ունքերիդ, Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ: Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:
Ձայնդ երգերի աղբյուրի ակ է, Խալդ կապուտակ մի մանուշակ է, Ծոցդ դրախտի անմար կրակ է: Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:
Նոր բաղի շիվ ես, նուբարդ գովեմ, Մեղրից էլ քաղցր քո բարը գովեմ, Ես չեմ ցամաքի, միշտ սիրո ծով եմ: Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:
Քո մորը մատաղ, որ նա քեզ ծնեց, Աշխարհիս սիրուն մի փերի հանձնեց, Աշուղ Աշոտիս նա երգիչ դարձրեց: Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի: