Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով, Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:
Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն, Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում, Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս, Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:
Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի: Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել: Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել, Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում. Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:
Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս, Ու սրունքներիդ` քիչ իլիկություն, Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա, Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն: Փոխում եմ նաև… Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում. Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում: Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի, Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:
Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…