Ես դառնում եմ դու, Ծածկում սպիտակ սավանները թղթի Ծածկագրերով՝ միայն ինձ հասկանալի, Որ սփոփեմ հոգիս անմխիթար, Թե՜ նա կարդար… Անգամ ձեռագիրս է քեզ նմանվում, Երբ քո պես անփույթ ու արագ եմ քայլում՝ Կրելով իմ մեջ խորը թաքնված Բոցը հոգուս:
Ես դառնում եմ դու, Որսում ամեն մի նշույլ լույսի՝ Սպասելով անկյուններում քաղաքի, Որտեղով նա՛ է անցնում փութով՝ Ինձ չնկատելով: Ահա ինձ պատում է մի ծանր աղերս, Ես սանձել եմ փորձում պոռթկացող հույզերս, Ես վերցնում եմ կտորը թղթի Ու գրում երգերս՝ առանց օգտի:
Մի՛ ծնվիր, հու՛յս, Դու խաբում ես ինձ, Անհուսությունն է լավ, Ազնիվ ու դաժան, Հարգում եմ այն, Սակայն քե՛զ եմ սիրում Ու գաղտնի կերակրում, Մանր փշրանքներով Աճեցնում մի հրեշ, Որ լափում է ինձ, տե՛ս:
Ես դառնում եմ դու, Խախտում բոլոր կանոնները վարքի՝ Ենթարկվելով միայն սիրո հևքին, Որի ուժգին մղումով դեպի նա Սպանում եմ իր սերն անխնա Ու կանգնում եմ մի պատի առջև, Որ միայնությունն է իմ արդարև, Որին չեմ կարող դիմանալ, Ինձ դու կհասկանաս…