«Գժվել» Եվ ինձ լսելով` Կարող են ասել. "Գժվե՞լ է, ի՜նչ է": Իսկ ես էլ կասեմ. "Այո', գժվե՜լ եմ, Ինչո՞ւ չգժվել": Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: Իսկ գժվելով չէ՞ փայտը ճարճատում: Առանց գժվելու` չկա շահած մարտ: Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ: Մինչև չգժվի` ջուրը չի եռա, Կեղև չի պատռի հատիկը նռան: Ծառե՞րն են փթթում` Գժվա՜ծ են անշուշտ: Երկիրն է պտտում` Գժված է անշուշտ... Սերմերը մինչև կարգին չգժվեն` Բերք չե'ն դառնալու: Թաթերը մինչև կարգին չգժվեն` Ձեռք չեն դառնալու: Բառերն էլ մինչև կարգին չգժվեն` Ե'րգ չեն դառնալու... Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...