Առանց քեզ ի՞նչ կանեմ զրույցն ու սազը,
Ձեռքիցս վեր կածեմ չանգերը* մեկ-մեկ,
Քանզի ուշք ու միտքս իրար շաղեցիր`
Մտքիցս կվանեմ հանգերը մեկ-մեկ:
Մի խարանը երկու խոցին ի՞նչ անի,
Մի նոքարը երկու տիրոջն ի՞նչ անի,
Մի այգեպանն երկու բաղին ի՞նչ անի,
Պատվաստ կուզեն նորատունկերը մեկ-մեկ:
Ճիշտ են ասել հին իմաստուն ծերերը.
«Բաղ շինեցի, վարդը տարան վատերը».
Զրկանքը ես տարա, բերքը` օտարը,
Խառնակչից եկան է՛ս հոգսերը մեկ-մեկ:
Առանց քեզ ի՞նչ կանեմ աշխարհի ինչքը,
Աղմուկ չեմ անի ես, կթողնեմ վեճը,
Կհագնեմ մազեղեն, կհագնեմ շալը.
Կգնամ` ման կգամ վանքերը մեկ-մեկ:
Գուցե տեսնեմ մեկին, որ ինձ խրատե,
Գո՛զալ, քո սիրուցը սիրտս ազատե.
Յոթ իմաստունների** քաշածից շատ է
Սայաթ-Նովու գլխից անցածը մեկ-մեկ:
Ruzanna Hakhnazarian еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1