Արի, իմ սոխակ, թող պարտեզ մերին, Տաղերով քուն բեր տըղիս աչերին. Բայց նա լալիս է, դուն սոխակ, մի գա, Իմ որդին չուզե տիրացու դառնալ... Թող դու տարտրակիկ, քո ձագն ու բունը, Վույվույով տղիս բեր անուշ քունը. Բայց նա լալիս է, տարտրակիկ, մի գա, Իմ որդին չուզե սգավոր դառնալ... Թող, աբեղաձագ, դու արտ ու արոտ, Օրորե տղիս, քնի է կարոտ. Բայց Նա լալիս է, դուն ձագուկ, մի գա, Իմ որդին չուզե աբեղա դառնալ... Թող որսդ, արի, քաջասիրտ բազե, Քո երգը գուցե իմ որդին լսե... Բազեն որ եկավ` որդիս լռեցավ, Ռազմի երգերի ձայնով քնեցավ...