Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման, Ու նարիյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ուր է՛լ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր- Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա. Նարեկացու, Քուչակի պե