Ես սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն, Եվ չգիտե՜մ ինչի համար. Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան, Որ իմանամ ինչի՛ համար: Քարե՛րը քո հին բերդերի Նոր սյուների ու զարդերի, Ոսկեփոշի՜ն քո մայթերի- Եվ չգիտեմ ինչի՛ համար: Սիրո՜ւմ եմ քո ջահելներին, Սիրուց այրված, սիրուն գերի, Որ սիրահա՜ր են մայթերի- Եվ չգիտեմ ինչի՛ համար: Համբո՛ւյրը քո աղջիկների, Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների, Քո բուլվարի ծերուկների՜ն- Եվ չգիտեմ ինչի՛ համար: Կուզեմ լինեմ Նորքի նման, Ծաղկեմ ամեն եկող գարնան. Փաթաթվե՜մ քեզ ու հիանամ- Եվ չգիտեմ ինչի՛ համար: Կամ լինեմ այս քամին լոթի Եվ, հարբած քո անուշ հոտից, Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին Ու... չիմանա՜մ ինչի համար: Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս, Դալա՜ր մնաս ու զորանա՛ս, Ես քամու պես գնա՜մ-կորչեմ Ու... չիմանա՜մ ինչի համար: Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից, Որ աշխարհի քաղաքներից, Քե՜զ եմ սիրում ամենից ջերմ- Ու... չգիտե՜մ ինչի համար...